Նիկոլ Փաշինյանի անխուսափելի վարչապետությունը

639

Այսօր խորհրդարանի նիստում որևէ ինտրիգ չի սպասվում: Նիկոլ Փաշինյանը երեկվա հանրահավաքում իր ընտրվելու հավանականությունը համարեց 95%: Բնականաբար, Փաշինյանը քաղաքական առաջնորդին բնորոշ շրջահայացություն է դրսևորել՝ 5%-ի հավանականություն վերապահելով ֆորս-մաժորային իրավիճակներին:

Մենք ավելի անկաշկանդ ենք կանխատեսումների մեջ և օրվա պատմականության հարցում վստահ ենք 100%-ով: Նման վստահության հիմքը, ըստ էության, բոլոր անհրաժեշտ բաղադրիչներն են: Նիկոլ Փաշինյանի վարչապետության հարցում առկա է հասարակության լիակատար կոնսենսուս: Դա ակնհայտ է դարձել դեռ ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունից հետո շարժումը ոչ միայն չնահանջեց, այլև վերաճեց անկասելի թավշյա հեղափոխության: Մայիսի 1-ի խորհրդարանական քվեարկությունը չէր կարող կասեցնել դրա ընթացքը: Մեծ հաշվով՝ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ-ն ոչ այնքան դեմ քվեարկեց Փաշինյանին, որքան ցանկացավ ցույց տալ իր միասնականությունը: Այսօր ՀՀԿ-ն նման խնդիր չունի, եթե, իհարկե, ամբողջովին չի կորցրել քաղաքական ադեկվատությունը:

Փաշինյանի վարչապետության հարցում, ըստ էության, առկա է քաղաքական կոնսենսուս՝ չնայած այդ հանգամանքը երկրորդական է հասարակության աննախադեպ ակտիվության ֆոնին: Ի վերջո, թավշյա հեղափոխությունը սրբել-տարել է օլիգոպոլ քաղաքական համակարգը՝ իր բոլոր սեգմենտներով հանդերձ, և հասարակությունը, մեծ հաշվով, անտարբեր է այն հարցում, թե ինչ դիրքորոշում կհայտնեն խորհրդարանական խմբակցությունները:

Սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության անխուսափելիության կարևոր հանգամանք է համակարգի, այսպես կոչված, ոչ քաղաքական սեգմենտի վարքագիծը: ՀՀԿ քաղաքական թևը՝ Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Սամվել Ֆարմանյան և այլն, կարող է ադապտացվել ցանկացած կարգավիճակի, այդ թվում՝ ընդդիմադիր: Այս հարթության վրա երկրի համար նույնիսկ դրական է, որ խորհրդարանական մեծամասնության քաղաքական թևը վաղը դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանին, որովհետև երկրին, ի վերջո, օդ ու ջրի պես անհրաժեշտ է նաև ինստիտուցիոնալ ընդդիմություն:

Այլ են ՀՀԿ, այսպես կոչված, ոչ քաղաքական շերտի մոտիվները: Օրինակ՝ մայիսի 1-ին Սեյրան Սարոյանի ելույթից հետո քվեարկության պատկերը կարելի էր հարյուր տոկոսով կանխատեսել, որովհետև գեներալը ներկայացնում է համակարգի այն սեգմենտը, որը բնազդով է զգում ստատուս քվոյի պահպանումը կամ դրա փոփոխությունը: Մայիսի 1-ին Սարոյանը կամ Սամվել Ալեքսանյանը այդ փոփոխությունը դեռ չէին զգացել:

Քաղաքական կոնյունկտուրային հեշտ տրվող ապաքաղաքական գեներալն ու օլիգարխն այսօր կատարելու են «ժողովրդական» քվեարկություն: Նշանակում է՝ Հայաստանն այսօր ունենալու է վարչապետ, և այդ մարդը լինելու է Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի